Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Դա նույնն է, որ ես երգեմ հոգևոր երգեր և ասեմ` Աստծուն չեմ հավատում»

«Դա նույնն է, որ ես երգեմ հոգևոր  երգեր և ասեմ` Աստծուն չեմ հավատում»
12.03.2017 | 16:14

Երգիչ-երգահան ՎԱՀԱԳ ՌԱՇԻ հետ զրուցեցինք նախ իր ծրագրերի մասին: Վահագն ասաց, որ ավարտել են «Աշնան քամի», «Անհաս մի տենչ» երգերի նոր գործիքավորումները, սկսել են գործիքավորել «Դառն հուշերը»: Երգերը նորացվում են ձայնասկավառակ թողարկելու համար, որը լինելու է նոր, շատ որակյալ հնչողությամբ: Սկավառակի թողարկմանը կհաջորդի համերգ-շնորհանդեսը: Հավանաբար` աշնանը: Շատ աշխատանք կա: Հեղինակային երգեր ունի, որոնք դեռ չի ավարտել: Ռեժիսոր Խաչի Եղոյանի հետ աշխատում է «Ես կգամ» երգի տեսահոլովակի վրա:

-Վահագ, համամի՞տ եք, որ երաժիշտը չպետք է զբաղվի քաղաքականությամբ:
-Երաժիշտը չպետք է անտարբեր լինի իր շուրջը և երկրում կատարվող իրադարձությունների նկատմամբ: Ամեն մարդ ազատ է իր ուղին ընտրելիս: Ոմանք ընտրում են գումարը և կարիերան, ոմանք ընտրում են արդարությունն ու ազատությունը:
«Եվ ի՞նչ է փառքը. այսօր քեզ մարդիկ եղջյուրներից վեր կբարձրացնեն
Վաղը նույն մարդիկ սմբակների տակ ճզմելու համար քեզ վար կնետեն»:
-Երբևէ ինքդ սատարե՞լ ես որևէ քաղաքական ուժի:
-Ես ինքս եմ ընտրել` ում սատարել, և այդ մարդը Անահիտ Բախշյանն է։ Նույնիսկ առաջարկեցի լինել նրա վստահված անձը, բայց երևի կմասնակցեմ որպես դիտորդ, այդպես ավելի ճիշտ կլինի: Գործող իշխանությունն այնպես է փոփոխել սահմանադրությունը, որ ցանկացած դեպքում ստանա մեծամասնական ձայները: Պետք է գոնե հնարավորինս արդար անցկացնել ընտրությունները, քանի որ երկրի ղեկավարը լինելու է խորհրդարանը` վարչապետի հետ միասին:
-ՀՀԿ-ին գովազդող «Ռեինկառնացիայի» հոլովակը, ըստ Ձեզ, ինչո՞ւ այդպես աղմուկ բարձրացրեց:
-«Ռեինկառնացիա» խումբը, կարելի է ասել, զրոյից բարձրացած հազվադեպ խմբերից է, որ կարողացել է Հայաստանում երաժշտական ոճ ստեղծել ու նաև գումար վաստակել: Մարդիկ սիրում են այդ խումբը և, հավանաբար, չէին ուզում տեսնել նրանց ՀՀԿ կուսակցության քարոզող: Ես նրանց չեմ մեղադրում, և դրա իրավունքն էլ չունեմ: Դա գուցե ավելի շատ արվել է ճանաչում ձեռք բերելու համար կամ ինչ-որ գումարի դիմաց, բայց փաստ է, որ արվել է: Ինձ միայն այն դուր չեկավ, որ հայտարարեցին, թե ՀՀԿ-ին չեն սատարում: Դա նույնն է, որ ես երգեմ հոգևոր երգեր և ասեմ` Աստծուն չեմ հավատում: Ավելի ճիշտ կլիներ, եթե նրանք բացեիբաց ասեին, որ սատարում են իշխող կուսակցությանը, և դա իրենց ընտրությունն է: Հավատացեք, այդ դեպքում քննադատություններն ավելի քիչ կլինեին կամ գուցե ընդհանրապես չլինեին:
-Ի՞նչ կասեք վերջում:
-Կատարեք ձեր ընտրությունը` ձեր կամքով, ոչ թե ինչ-որ մեկի թելադրանքով։ Անպայման գնացեք ընտրության, մենք ենք մեր երկրի տերը, ոչ թե քաղաքական այրերը, նրանք այսօր կան, վաղը մեկ ուրիշը կլինի նրանց փոխարեն, ստիպեք, որ նրանք ծառայեն ձեզ ու երկրին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2604

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ